ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թամամյանը մտադիր չէ հանձնվել

Թամամյանը մտադիր չէ հանձնվել
26.08.2008 | 00:00

ՇԱՀԵՐ
Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո ոստիկանությունը հայտնվեց հասարակության և մամուլի ուշադրության կենտրոնում: Մի կողմից` մարտի 1-ին ոստիկանության մասնակցության մասին հասարակության շրջանում առկա համոզվածությունը, գոյություն ունեցող ու նաև հրապարակված անհերքելի փաստերը, մյուս կողմից` բարձրաստիճան ոստիկանների կողմից նույն այդ փաստերը հերքելու ապաշնորհությունը և զավեշտը է՛լ ավելի են հեղինակազրկել ոստիկանությանը: Միաժամանակ հաշվի առնելով և՛ մարտի 1-ի` դեռևս չբացահայտված իրադարձությունները, և՛ ներկայիս լարված ներքաղաքական իրավիճակը, բարձրագույն իշխանության համար ոստիկանությունը օդի-ջրի պես անհրաժեշտ է: Նաև դրանով է պայմանավորված բարձրաստիճան ոստիկաններից շատերի` ամբարտավանության հասնող ինքնավստահությունը և այս իրավիճակում նաև իրենց նյութական բարեկեցությունն ավելացնելու ձգտումը (վերջերս թերթերից մեկը ներկայացրել էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսի ունեցվածքի և բիզնեսների` ամենևին ոչ ամբողջական ցանկը): Ընդ որում, իշխանությունների համար ոստիկանության «դերի բարձրացումից» օգտվում են նաև նրանց մերձավորները` նախկինում իրենց ունեցած խնդիրները լուծելու համար: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ իրենց կարգավիճակը որպես զենք մեկը մյուսի նկատմամբ կիրառում են նաև ոստիկանական հիերարխիայի տարբեր հարթություններում գտնվող պաշտոնյաները: Օրինակ, ըստ լավատեղյակ աղբյուրների, վերջերս բավական սրվել են առաջին փոխոստիկանապետ, իր իսկ խոսքերով` մարտի 1-ի օպերացիան ղեկավարած Ալեքսանդր Աֆյանի և ոստիկանության քրեական հետախուզության պետ Հովհաննես Թամամյանի հարաբերությունները: Բանն այն է, որ, ինչպես փաստում են «Իրավունքը de facto»-ի իրազեկ աղբյուրները, Աֆյանը, հանդես գալով միջնորդի դերում, փորձել է խառնվել Թամամյանի փողային հարաբերություններին։ Թամամյանը, որն ի թիվս իր ունեցած այլ բիզնեսների, նաև զբաղվում է մեծ չափերի գումարներ «տոկոսով տալու» գործով, բավական խոշոր գումար պարտքով տրամադրել է «Հայր և որդի Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանին, ով ներկայումս նաև բանկերին մի քանի միլիոն դոլարի հասնող պարտքեր ունի և ցանկանում է «ջրել» Թամամյանին պարտք գումարի գոնե մի մասը: Դրա համար Երիցյանը դիմել է իր մորաքրոջ որդուն` ծագումով նույնպես Կիրովաբադից, Ալեքսանդր Աֆյանին: Վերջինս, բացի այն, որ ի պաշտոնե ավելի բարձր կարգավիճակ ունի, ավելի ազդեցիկ է դարձել մարտի 1-ի օպերացիայի ղեկավարման պատասխանատվությունը «ստանձնելու» շնորհիվ: Եվ, ինչպես մեր աղբյուրներն են մանրամասնում, մոտ մեկ շաբաթ առաջ այս թեմայով Աֆյանի և Թամամյանի միջև բավական անախորժ զրույց է տեղի ունեցել. Աֆյանը փորձել է Երիցյանին արդարացնել, ասելով, որ վերջինս այդ գումարի մի մասը ծախսել է նախագահական ընտրությունների ժամանակ` Սերժ Սարգսյանի համար ձայներ գնելու նպատակով: «Հաշվի նախագահին ես լավություն անում»,- Թամամյանին փորձել է համոզել Աֆյանը: Սակայն ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի համար ոչ պակաս «գործ արած» Թամամյանը մտադիր չէ հանձնվել և, մեր տեղեկություններով, ճանապարհներ է փնտրում նախագահական մտնելու և այդ հարցով Սերժ Սարգսյանի հետ խոսելու համար: Իսկ դա տեղի կունենա առաջիկա օրերին, քանի որ, ըստ իրազեկ աղբյուրների, ընդդիմության` սեպտեմբերի 5-ի հանրահավաքից առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացնելու ոստիկանության ղեկավար կազմի հետ, որին ներկա են լինելու և՛ Աֆյանը, և՛ Թամամյանը:
Մ. Ո.

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ